ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, մեկնաբանելով Associated Press-ի հեռախոսները գաղտնալսելու մասին հրապարակումները, հայտարարել է, որ տեղեկատվության արտահոսքը, որից հետո վերցվել էին լրագրողների զանգերի մասին տվյալները, սպառնալիքի տակ էր դնում ԱՄՆ-ի անվտանգությունը:
Ավելի վաղ AP-ը հայտնել էր, որ արդարադատության նախարարությունը գաղտնի կերպով ստացել է գործակալության՝ 2012թ. ապրիլ-մայիսի ելքային զանգերի տվյալները:
Այդ ժամանակ AP-ը Եմենում ԿՀՎ-ի գործողության մասին հոդված էր հրապարակել, որի օգնությամբ հաջողվել էր բացահայտել «Ալ Կաիդայի» դավադրությունը, որի գրոհայինները մտադրվել էին պայթեցնել ԱՄՆ ուղեւորվող օդանավը:
Հրապարակված պատմությունը կարող էր ԱՄՆ-ի իշխանություններին անհարմար դրության մեջ գցել. Դրանից առաջ հայտարարել էին, որ ահաբեկչության նախապատրաստում չի եղել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գլխավոր դատախազը լրագրողներին ասել է. «Ես դատախազ եմ աշխատում 1976 թվականից եւ պետք է ասեմ, որ սա ամենալուրջ գործերից էր: Տեղեկատվության արտահոսքը սպառնալիքի տակ էր դնում ամերիկացիների կյանքը, եւ սա չափազանցություն չէ: Պատասխանատուին պարզելու ձգտումը, ըստ իս, վճռական գործողություններ էր պահանջում»:
Գլխավոր դատախազի տեղակալ Ջեյմս Քոուլը հայտնել է, որ հեռախոսային բանակցությունների մասին տվյալները ստանալու թույլտվությունը տրամադրվել էր հետաքննության վարման մնացած բոլոր հնարավոր տարբերակները բացառելուց հետո: Քոուլն ընդգծել է, որ միայն զանգերի մասին տվյալներ են վերցվել, ոչ թե դրանց ձայնագրությունները:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղյակ չի եղել արդարադատության նախարարության գործողությունների մասին եւ թերթերից է իմացել:
«Նախագահը հստակ հրահանգել է, որ մամուլին չխոչընդոտեն լրագրողական հետաքննություն կատարելիս: Բայց նա միաժամանակ կարծում է, որ պետք չէ մոռանալ գաղտնի տեղեկատվությունը պետական շահերից ելնելով չհրապարակելու անհրաժեշտության մասին», - ասել է նա:




























