Հնդկական բանակի միակ կին զինվոր Շանթի Թիգային գտել են կախված վիճակում: Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել, գրում է Times of India-ն:

Ողբերգությունը կատարվել է մայիսի 14-ին՝ Հնդկաստանի արեւելքի Ջայփայգուրի շրջանի հոսպիտալում, որտեղ նրան տեղափոխել էին նախորդ շաբաթ՝ անհայտ անձանց կողմից առեւանգվելուց հետո: Զինվորական դատախազների կարծիքով՝ այդ միջադեպն էլ կարող էր  37-ամյա կնոջ ինքնասպանության պատճառ հանդիսանալ:

Առեւանգումից մեկ շաբաթ անց Թիգային գտել էին երկաթգծերի հենասյունին կապված: Նա պնդել էր, որ չարագործներն իրեն վնաս չեն պատճառել:

Քննիչները մեկ այլ վարկած էլ ունեն: Թիգայի նկատմամբ հետաքննություն էր տարվում. Հնդկաստանցի «զինվոր Ջեյնին» կասկածում էին մեքենայությունների մեջ: Քննության տվյալով՝ նա մարդկանցից գումարներ էր կորզել՝ խոստանալով աշխատանքի տեղավորել, գրում է rbc-ն:

2011թ. Շանթի Թիգան առաջին կինն էր դարձել, ով հնդկական բանակի մարտական զորաջոկատում ընդգրկվել էր շարքայինի կարգավիճակով: Նման որոշում կայացրել էր ամուսնու մահից հետո: Մինչ այդ կանայք միայն սպայական պաշտոնների համար էին ծառայություն անցնում՝  ոչ մարտական ստորաբաժանումներում: