Ֆրանսիայում 2013 թվականի առաջին եռամսյակում տնտեսական անկում է գրանցվել: Ֆրանսիայի վիճակագրական բյուրոյի պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի վիճակում եւ կրճատվել է 0,2 տոկոսով, հաղորդում է Reuters-ը:

Տնտեսական անկումը Ֆրանսիայում կանխատեսելի էր, սակայն տնտեսագետներն ակնկալում էին, որ այն կլինի 0,1 տոկոսով: Վերլուծաբանները տնտեսական ռեցեսիայի հիմնական պատճառներից են համարում աճող ծախսերի ֆոնին արտահանման եւ ներդրումային թույլ ակտիվությունը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ներդրումները կրճատվել են 0,9 տոկոսով, իսկ արտահանումը՝ 0,5 տոկոսով:

Ֆրանսիական տնտեսության ռեցեսիան բացասաբար է անդրադառնում սոցիալիստների կառավարության վարկանիշի վրա, որն առանց այդ էլ ընկել է գործազրկության ռեկորդային ցուցանիշի (10,6 տոկոս) եւ գործարար ակտիվության ու սպառողական վստահության ցածր մակարդակի պատճառով:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձում է նվազեցնել գործազրկության աճը եւ բյուջեի դեֆիցիտը, սակայն այդ ջանքերը դեռ արդյունք չեն տալիս: