Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլին բողոք է ներկայացվել ԿՀՎ-ի ներկայացուցչի կողմից ռուսական հատուկ ծառայության աշխատակիցներից մեկին հավաքագրելու փորձի կապակցությամբ, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում` ԱՄՆ-ի դեսպանի հետ փոխնախարար Սեգեյ Ռյաբկովի հանդիպումից հետո:

«Դեսպանին բողոք է ներկայացվել ԱՄՆ-ի դեսպանատանը ծպտված աշխատող ԿՀՎ-ի ներկայացուցիչ Ռայան Ֆոգլի կողմից ռուսական հատուկ ծառայության աշխատակիցներից մեկին հավաքագրելու փորձի կապակցությամբ, - տեղեկացրել են նախարարությունում: - Ձերբակալված ամերիկացի դիվանագետն անցանկալի անձ է հայտարարվել եւ պետք է լքի ՌԴ-ի սահմանները հնարավորինս շուտ», - հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել էր ԱՄՆ-ի ԿՀՎ-ի աշխատակից Քիստոֆեր Ռայան Ֆոգլի ձերբակալման մասին: Ձեբակալվածի մոտ հայտնաբերվել էին հրահանգներ, որոնցում տեղեկատվության համար առաջարկվում էր տարեկան մեկ միլիոն դոլար: Ձերբակալվածը հանձնվել էր ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչներին: