Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մայիսի 15-ին, ընդունել է Գերմանիայի տնտեսության Արեւելյան Հանձնաժողովի պատվիրակության անդամներ «ԿԼԱՍ» ընկերության արտահանման գծով տարածաշրջանային  փոխտնօրեն Ռայներ Թաուշերին, Գերմանական Բիզնես Ասոցիացիայի  տնօրեն Պատրիկ Յունգին եւ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  դեսպանատան քարտուղար Կոնստատնտին Ցելենտին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Կլաս»-ը  գյուղատնտեսական տեխնիկայի եւ գործիքների արտադրությամբ  Եվրոպայում հայտնի 100-ամյա ընկերություն է, եւ հյուրերի կողմից այցելության նպատակը վերջինիս արտադրանքը Հայաստանում իրացնելու հնարավորության ուսումնասիրությունն էր:

Նրանք նշել են, որ ԱՊՀ տարածքում արդեն որոշակի հետաքրքրություն կա իրենց արտադրանքի նկատմամբ, եւ այս առումով  իրենք կցանկանային  համագործակցել նաեւ Հայաստանի հետ: Նրանց հետաքրքրում էր նաեւ համագործակցությունը բուհական հաստատությունների հետ` գյուղատնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման հարցերում օժանդակելու նկատառումներով:

Հյուրերի խնդրանքով  համառոտ ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացումն այսօր խիստ արդիական է Հայաստանում, այս ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում մի շարք երկրների հետ, ուստի «Կլաս»-ի առաջարկը նույնպես հետաքրքիր է: «Այն կուսումնասիրվի  եւ ձեռքբերման ու ներկրման ընդունելի պայմանների պարագայում հնարավոր կլինի սկիզբ դնել նոր համագործակցության»,- նշել է նախարարը, առաջարկելով սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն ընկերության արտադրանքի մասին: