Եվրահանձնաժողովի նախաձեռնած հակամենաշնորհային հետաքննության շրջանակում անակնկալ ստուգումներ են անցկացվել Shell, BP եւ Statoil նավթային ընկերությունների եվրոպական գրասենյակներում: Նրանց կասկածում են նավթի շուկայում խոշորագույն Platts տեղեկատվական գործակալությանը ներկայացրած գնային տվյալների խարդախությունների մեջ:

Եթե հաստատվի այդ փաստը, ընկերություններին կարող է մինչեւ իրենց եկամտի 10%-ի չափով տուգանք սպառնալ:

Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում ասված է, որ  ստուգումներն անցկացվել են ԵՄ-ի երկու երկրների «մի քանի ընկերություններում» եւ ԵՄ-ի կազմի մեջ չմտնող մեկ երկրում: Ստուգումներ են անցկացվել նաեւ  Platts տեղեկատվական գործակալությունում: Բոլոր ընկերությունները հայտնել են, որ լիակատար համագործակցում են քննության հետ:

Rbc-ն նշում է, որ եթե մի քանի առաջատար ընկերություններ իսկապես լուռ համաձայնության են եկել նավթի գների վերաբերյալ ապատեղեկատվություն տրամադրելու շուրջ, նրանք կարող էին խոչընդոտել այլ ընկերությունների մասնակցությունը նավթի եւ կենսավառելիքի շուկայական գների սահմանման գործընթացին: