Ռուսաստանցի 11 տարեկան տղան հունական Կրետե կղզում հանգստանալիս դանակի 20 հարված է ստացել: Տղան ողջ է մնացել, բժիշկները պայքարում են նրա առողջության համար: Հանցագործին հաջողվել է բռնել:
Ռուսաստանցի ընտանիքը հանգստանում էր Իրակլիոն հանգստավայրում: Շաբաթվա սկզբին տղան հորն ու մորը հայտնել էր, որ կորել են իր նոթբուքը եւ բջջային հեռախոսը: Մի քանի օր անց երեկոյան տղան գնացել էր եւ չէր վերադարձել, ծնողները ոստիկանություն էին դիմել:
Ոստիկանները տղային գտել էին հյուրանոցի այգում: Երեխան արնահոսում էր, նրա մարմնին դանակի 20 հարվածի հետք կար: Տղային տեղափոխել են Աթենքի հիվանդանոցներից մեկը, հայտնում է «dni.ru»-ն:
Պարզվել է, որ երեխայի վրա հարձակվել է 20-ամյա մի հոլանդացի, որն անիմատոր է աշխատում: Ոստիկանները ձերբակալել են հոլանդացուն եւ հարցաքննել նրան: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տղայի նոթբուքը եւ բջջային հեռախոսը: Հոլանդացին խոստովանել է, որ երեխայի վրա հարձակվել էր, երբ վերջինս իրեն կասկածել էր կողոպուտի մեջ:


























