Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր՝ մայիսի 15-ին Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Համայն Ռուսիո Պատրիարքի Մոսկվայի թեմի պատրիարքական տեղապահ, Նովոսպասյան հայրապետական վանքի վանահայր Վոսկրեսենսկի եպիսկոպոս Սավվային եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրեն Հայր Իվան Սավկային (Ռումին Ուղղափառ Եկեղեցի), ովքեր Հայաստան էին ժամանել Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման առիթով:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանում եւ Ռումինիայում հազարամյակների պատմություն ունեցող հայ համայնքների ազգային-մշակութային կյանքին, ընդգծվել է հայորդիների կարեւոր ներդրումը Ռուսաստանի եւ Ռումինիայի կյանքում:
Նորին սրբազնություն Սավվա եպիսկոպոսը, իր հերթին շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռի ջերմ ընդունելության համար, Գարեգին Բ-ին է փոխանցել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի ողջույններն ու բարեմաղթանքները: Եպիսկոպոսն իր ջերմ տպավորություններն է կիսել Սեւանի Վազգենյան դպրանոց կատարած այցելությունից: Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրեն Հայր Իուան Սավկան եւս իր ուրախությունն արտահայտեց Հայաստան այցի առիթով` նշելով, որ Բոսեի էկումենիկ դպրոցը պատրաստ է շարունակել հյուրընկալել հայ եկեղեցականների:
Նույն օրը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրէն Հայր Իվան Սավկան Գեւորգյան հոգեւոր ճեմարանում հանդես է եկել «Էկումենիզմ եւ ուղղափառություն» թեմայով դասախոսությամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























