Մայիսի 13-ի վաղ առավոտյան չինացի զինվորականները հարավարեւմտյան Սիչուան նահանգի Սիչան տիեզերակայանում նոր հակաարբանյակային հրթիռի փորձարկում են իրականացրել, հայտնում  է The Washington Free Bacon-ը` վկայակոչելով  ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց:

Չինաստանի տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնը  մեկնաբանել է երկնքում անհայտ թռչող սարքի հայտնվելը, որը տեսել են Չինաստանի մի քանի քաղաքների բնակիչները: China Daily-ն հայտնում է, որ կենտրոնի գիտնականները տիեզերական սարքի փորձարկում են իրականացրել:

Սակայն, ըստ ամերիկյան աղբյուրների պնդման, Չինաստանն իրականացրել է Dong Ning- 2 ASAT հրթիռի փորձարկում:  Չինաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Գոնգ Լին Պեկինում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի հերքել նոր հակաարբանյակային հրթիռի փորձարկման լուրը:  

Հատկանշական է, որ  ենթադրյալ փորձարկումներն իրականացվել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության զեկույցի հրապարակումից մեկ շաբաթ անց, որտեղ ասված էր Չինաստանի ռազմական ներուժի  աճի եւ հակահրթիռային պաշտպանության ոլորտում Չինաստանի վերջին զարգացումների մասին:

DN-2 հակաարբանյակային հրթիռը կարող է ոչնչացնել թիրախը` գտնվելով 12000 – 22000 կմ բարձրությունում: Այդ բարձրության վրա են գտնվում ԱՄՆ-ի եւ շատ այլ երկրների բազմաթիվ ռազմական, հետախուզական եւ առեւտրային արբանյակներ: