ԵՄ-ն կրկին հաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ կրկին հայտարարել համանախագահների կողմից հակամարտության արդար եւ երկարաժամկետ կարգավորման որոնումներին հավատարիմ լինելու մասին: Այս մասին ասվում է ԵՄ հայտարարությունում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մշտական խորհրդում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթի:
Իր հայտարարությունում ԵՄ-ն նաեւ կոչ է անում հակամարտության կողմերին կենտրոնանալ կառուցողական երկխոսության վրա եւ օգտագործել համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:
«Մենք նաեւ ողջունում ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից անցկացվող մոնիթորինգի միջոցառումները»,-ասված է հայտարարությունում: Միաժամանակ, ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ներքաղաքական զարգացումների առնչությամբ, «որոնք ոչ միայն մարտահրավեր են նետում ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը, այլեւ ազդում են ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա»:



























