Թուրքիայի անմիջական հովանավորությամբ եւ աջակցությամբ Սիրիայում մարդկության դեմ հանցանքներ գործող ընդդիմադիր կոչվող զինյալների խմբերից մեկի առաջնորդ Էբու Սաքքար (իսկական անունը՝ Հալիդ Համադ-խմբ) հայտարարել է, թե օրեր առաջ տարածված տեսանյութում ինքն է Ասադի կողմնակից զինվորի սիրտը հանում եւ ուտում։

Թուրքական Sozcu կայքի փոխանցմամբ՝ Էբու Սաքքարը TIME WORLD-ին տված հարցազրույցում նշել է, թե համացանցում տարածված տեսանյութը իրական է եւ ինքը չի փոշմանել իր արարքի համար։ «Աստված վկա, բոլոր ալեւիներին կոտորելու ենք։  Ես դեռ նոր տեսանյութ ունեմ որ պետք է գցեմ համացանց։ Տեսանյութում ես սղոցով կտրում եմ Ասադի զինվորներից մեկի մարմինը եւ մանր մասերի բաժանում»,-ասել է Էբու Սաքքարը։

Նշենք, որ օրեր առաջ համացանցում հայտնված տեսանյութում  իրենց «Սիրիական ազատ բանակ» կոչող զինված խմբավորման ակտիվ թեւերից մեկը համարվող «Ֆարուքի բրիգադ» կոչվող խմբավորման հրամանատար Էբու Սաքքարը կտրում ու հանում է Ասադի կողմնակից մի սպանված զինվորի սիրտ եւ ուտում՝ բղավելով. «Թող Աստված վկա լինի, ձեր բոլորի սիրտն ու թոքերն ուտելու ենք, շուն Ասադի զինվորներ»։

Թեեւ առկա է նման ոչ մարդկային, գազանային արարքի տեսագրությունը, էթիկայից ելնելով, այն չենք տեղադրում։