Արմավրի մարզի 10-ից ավելի գյուղերի բնակիչներ այսօր փորձել են փակել Երեւան-Արմավիր ճանապարհը` այդպես բողոքելով օրեր առաջ տեղի ունեցած կարկուտի հետեւանքով առաջացած մի շարք խնդիրների չլուծված լինելուց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանն ասաց, որ հանձնարարությունը տրված է, այսօր երեկոյան կավարտեն արձանագրությունների կազմումը, թե որ համայնքում որ բնակիչը ինչ վնաս է ստացել: «Հանրապետության նախագահի կսղմից հանձնարարված է ամբողջությամբ ֆիքսել վնասվել եւ ներկայացնելուց հետո Հանրապետության նախագահը խոստացել է օգնել»,- ասաց նա:

Նա նշեց, որ բոլոր խնդիրները միանգամից չի լուծվում, բայց ամեն ինչ անելու են գյուղացիների խնդիրների լուծման համար, անհատական մոտեցում են ցուցաբերելու, ում պետք է, այգիով են ապահովելու, ում պետք է, սերմեր, սածիլներ են տրամադրվելու»: «Տարբեր մարդկանց տարբեր մոտեցում պետք է ցույց տրվի: Ես գնացել եմ, մարդկանց հետ զրուցել եմ, նրանք լսելով. հավատալով գնացել են, հանձնարարականները տվել եմ, որ արագ ավարտենք առաջին փուլը, որպեսզի անցնենք երկրորդ փուլին: Եթե մարզպետին չհավատային, չէին թողնի գնան, ես բացատրել եմ, ասել եմ,. մարդիկ էլ հասկացել են, գնացել են»,- ասաց Աշոտ Ղահրամանյանը` հավելելով, որ ոստիկանները իրենց աշխատանքն են կատարել, իսկ ինքը խորհրդակցությունից հետո գնացել, հանդիպել է, մարդկամց բացատրել է նրանց, իսկ նրանք, լսելով եւ հավատալով իրեն, հեռացել են: Մարզպետն ասաց, որ Կառավարությունում պատրաստվում են բարձրացնել մի շարք հարցեր, գյուղացիների վարկերը սառեցնել, նոր վարկեր տրամադրել, սերմեր, սածիլներ տալ եւ աջակցել նրանց մի շարք այլ հարցերով:

Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ 43 գյուղերից կարկուտի հետեւանքով ամենաշատը տուժել է Շենավանը, Մրգաշատը. Արեւիկը, Ալաշկերտը, Ջրաշենը, Նալբանդյանը, Բերքաշատը, Հուշակերտը, Կեսարիան, Նոր Արմավիրը, Բամբակաշատը, Նոր Արտագերսը, Արշալույսը, Ակնալիճը: