«ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն 25 մլն դոլարի երաշխավորություն է ներկայացրել Ասիական զարգացման բանկի եւ «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» (որն ընդգրկված է «ՌուսՀիդրո»-ի խմբում)  վարկային համաձայնագրի վերաբերյալ` Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի արդիականացման ֆինանսավորման համար, ասվում է «ՌուսՀիդրոյի» հաղորդագրության մեջ, տեղեկացնում է  www.oilru.com-ը:

Նշվում է, որ ներկայումս կասկադում վերականգնողական աշխատանքների անհրաժեշտություն կա, ինչը հնարավորություն կտա էապես ավելացնել նրա շահագործման ժամկետը եւ նվազեցնել վթարային իրավիճակների ռիսկը: Բացի կայանների արդիականացումից` «Միջազգային էներգետիկ կորպորացիան» նախատեսում է նաեւ վերականգնել համակարգի դերիվացիոն ջրանցքները:  «Հուսով ենք, որ ԱԶԲ-ի հետ առաջին գործարքը` կայանների արդիականացման համար երկարաժամկետ վարկի տրամադրման հետ կապված, բանկի եւ մեր ընկերությունների խմբի միջեւ արդյունավետ համագործակցության սկիզբ կդնի»,- ասել է «ՌուսՀիդրո» ԲԲԸ վարչության անդամ Կոնստանտին Բեսմերտնին:

2013թ. հունվարին հաղորդվել էր, որ «ՌուսՀիդրոն» դաձել է ՎԶԵԲ-ի 25 մլն դոլարի վարկի երաշխավորը, որը նույնպես ներգրավվելու է Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի արդիականացմանը:

«ՌուսՀիդրո» խումբը ռուսաստանյան խոշոր էներգետիկ հոլդինգներից է, որը վերականգնվող էներգետիկայի ավելի քան 70 օբյեկտ է ներառում: