Այսօր՝ մայիսի 15-ին, Գարեգին Բ կաթողիկոսը եւ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:

Մայր աթոռի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի հայկական բարեգործական «Մեր Հույս» կազմակերպության եւ անհատ բարերարների աջակցությամբ գործող կենտրոնում այժմ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքների 13-16 տարեկան 15 պատանիներ, ովքեր ստանում են մասնագիտական կողմնորոշում ու սոցիալական աջակցություն:

Այցի ընթացքում Գարեգին Բ-ն եւ Հայաստանի առաջին տիկինը, ուղեկցությամբ կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանի, շրջեցին կենտրոնում, ծանոթացան երեխաների համար ստեղծված պայմաններին:

Այնուհետեւ նրանք հանդիպեցին կենտրոնի փոքրիկ բնակիչների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց առօրյան եւ ծրագրերը: Մտերմիկ զրույցից հետո պատանիները հանդես եկան գեղարվեստական հայտագրով` կատարելով ազգային ու հոգեւոր երգեր եւ ասմունքելով իրենց հեղինակած բանաստեղծությունները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ առաջին տիկնոջը «Նագգաշյան մանուկների տուն» այցելելու համար` Գարեգին Բ-ն ընդգծեց, որ սպասված հանդիպումը մեծ ուրախություն պատճառեց երեխաներին եւ իրենց հանդեպ տիկին Սարգսյանի դրսեւորած սերն ու հոգատարությունը մշտապես պիտի կրեն իրենց սրտում:

Վերջում տիկին Ռիտա Սարգսյանը կենտրոնի 15 սաներին հանձնեց նվերներ, առանձնաբար ծանոթացավ յուրաքանչյուրի հետ:

Այնուհետեւ Կաթողիկոսը եւ Հայաստանի առաջին տիկինն այցելեցին կենտրոնի հարեւանությամբ գտնվող Արաբկիրի հայորդյաց տուն, որտեղ հայորդյաց տների հոգեւոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ներկայացրեց Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների գործունեությունը: Հայորդյաց տան սաները Նորին Սրբությանը եւ տիկին Ռիտա Սարգսյանին ողջունեցին ազգային պարերի կատարումներով: