ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման աշխատանքից ազատել է երկրի հարկային գերատեսչության` Ներքին եկամուտների ծառայության ղեկավարին (IRS):

Ծառայության պետի պաշտոնակատար Սթիվեն Միլլերը պաշտոնից զրկվել է երկրի հարկային գերատեսչության կողմից պահպանողական հասարակական կազմակերպությունների ստուգումների հետ կապված աղմուկի պատճառով:

ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ ծանոթացել է IRS-ի գործունեության ստուգման հաշվետվությանը, եւ բացահայտված փաստերը գնահատում է որպես աններելի: «Ամերիկացիներն այդ հարցում իրավունք ունեն բարկանալու, եւ ես ինքս էլ բարկացած եմ», - խոստովանել է նախագահը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաղաքականացված հարկային ստուգումների փաստն անցյալ շաբաթ ընդունել էր IRS-ի պրոֆիլային ստորաբաժանման ղեկավար Լոիս Լերները: Նա հաստատել էր ամերիկյան աջերի կողմից նախկինում բազմիցս հնչած հրապարակային կասկածների հիմնավորվածությունը:

Սկանդալ էր բարձրացել, որը խոստանում էր դառնալ ամենաաղմկահարույցներից մեկը տվյալ  գերատեսչության աշխատանքի  պատմության մեջ: