Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը կարող է հրաժարվել գահից հօգուտ իր որդու` արքայազն Ֆիլիպի հուլիսի 21-ին` Բելգիայի ազգային տոնի օրը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները` վկայակոչելով թագավորական տարեգիր Պատրիկ Վեբերի կարծիքը:
«Լիովին հնարավոր է, որ կարող է հայտարարություն արվել հուլիսի 21-ին, ապա կհետեւ իշխանության սահուն փոխանցումը, հավանաբար Թագավորի տոնին` նոյեմբերի 15-ին»,- ասել է Վեբերը:
Պաշտոնատար անձինք առայժմ չեն մեկնաբանում բելգիական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը: Այս տարի լրանում է Ալբերտ Երկրորդի գահակալման 20-րդ տարին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ալբերտ Երկրորդը Բելգիայում գահ է բարձրացել 1993թ.` Բոդուեն Առաջինի մահից հետո, ով ժառանգներ չուներ: Բելգիայի Սահմանադրությամբ, միապետը հիմնականում ներկայացուցչական գործառույթ է իրականացնում, իսկ իրական իշխանությունը գտնվում է վարչապետի ձեռքում: Նա հանդես է գալիս գերագույն միջնորդի դերում ներքաղաքական ճգնաժամերի ժամանակ: Ըստ հարցումների, բելգիացիների մեծամասնությունը դրական է վերաբերվում Ալբերտ Երկրորդի գահակալմանը:




























