Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, մայիսի 15-ին երեւանյան հանդիսատեսին ներկայացրեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Այն լի էր հաճելի անակնկալներով, որոնք մեկը մյուսի հետեւից հանկարծակիի էին բերում հանդիսատեսին։
Ամերիկյան կինոերաժշտության երեկոյի ընթացքում երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով, տեղեկանալով «Hollywood Non-Stop»-ի մասին, հատուկ Երեւան էր ժամանել Թբիլիսիից՝ մասնակցելու համերգային ծրագրին։ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, մասնակցելով երիտասարդական նվագախմբի փորձին, շատ բուռն է արձագանքել ինչպես նվագախմբի երաժիշտների կատարողական արվեսի, այնպես էլ «Hollywood Non-Stop» նախագծի վերաբերյալ։
«Hollywood Non-Stop» համերգային ծրագրի ընթաքում հանդիսատեսին իր կատարումը նվիրեց նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն Վահագն Հայրապետյանը։
Ամբողջ երեկոյի ընթացքում հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիներն ուղեկցվում էին մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմերի կադրերով։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճը վայելեց «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Աստղային պատերազմներ», «Մալենա» եւ բազմաթիվ այլ ֆիլմերի սաունդթրեքները։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ գնվել են Հոլիվուդից:
ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, համերգից առաջ պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ ներկայացվող բոլոր սաունդթրեքներն իր կողմից շատ սիրված են, եւ չի կարող առանձնացնել դրանցից որեւէ մեկը։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ «Hollywood Non-Stop»-ը մեծ դեր ունի երիտասարդներին դասական երաժշտությանն ինտեգրելու գործում։ «Այս նախագիծն ունենալու է իր շարունակությունը։ Շատ ճիշտ ձեւաչափ ու մոտեցում է ընտրվել, եւ այն մարդիկ, որ կլսեն այսօրվա երաժշտությունը, հետագայում նույնպես ներկա կլինեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգներին»,- նշել է Սերգեյ Սմբատյանը։
«Hollywood Non-Stop» նախագիծը մեկնարկել է 2012 թվականի մարտին, այն ունկնդրել է երեւանյան 8 բուհերի եւ հանրապետության 4 մարզերի շուրջ 9000 հանդիսական։
Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է, որը հովանավորում է նաեւ
«Hollywood Non-Stop» համերգային նախագծի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, գործընկերն է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Համերգային ծրագիրն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Այսօր եւս՝ ժամը 19.00, «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը կներկայացվի «Արամ Խաչատրյան՚ համերգասրահում։
Այսուհետեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:



























