Մայիսի 14-ին Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Բռնոյի` Չեխոսլովակիայի առաջին հանրապետության առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան՝ «Հայաստանը եւ Եվրամիությունը» թեմայով դասախոսություն կարդալու նպատակով: Չեխիայում հեղինակությամբ եւ մեծությամբ երկրորդը համարվող Մասարիկի համալսարանը  հիմնադրվել է 1919թ. եւ ունի շուրջ 43,000 ուսանող:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Սեյրանյանը հեղինակավոր ԲՈՒՀ-ի ուսանողա-դասախոսական կազմի շուրջ 90 անդամներին հանգամանալից ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը, Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների ընթացքը, հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա փուլը:

«Մեր օրակարգում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը: Այս գործընթացների իրագործման փուլում Չեխիան եւ Սլովակիան կարող են մեծ դերակատարում ունենալ», - նշել է հայ դիվանագետը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Ասոցացման համաձայնագիրն ու դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին փաստաթուղթը ծրագրվում է նախաստորագրել այս տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին: