Այսօրվա դրությամբ ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներն ունեն ֆինանսական եւ սոցիալական խնդիրներ, շատերը բնակարանային ապահովման հետ կապված խնդիրներ են առաջ քաշում, եւ նրանց միշտ մերժում են: Այդ մասին մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ազատամարտիկ, Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի անդամ Կարեն Մելիքբեկյանը:

Նրա խոսքով, ազատամարտիկները նաեւ խնդիրներ ունեն անվճար բժշկական ապահովագրության հետ: «Երբ ազատամարտիկը ներկայանում է, նրան ասում են, թե լավ է, բայց պետք է վճարես բժշկական ծառայությունների համար»,- վրդովմունքով ասաց Կարեն Մելիքբեկյանը:

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ընդգծեց, թե բոլոր ազատամարտիկները, բացառությամբ մի քանիսի, գտնվում են նման վիճակում: Նա կոնկրետ թիվ չի նշել` հավելելով, որ կարող են հազարների հասնել: «Անտարբերությունը հասել է այնպիսի մակարդակի, որ արդեն պղծում են Պռոշյան գյուղի հուշարձանը` նվիրված զոհված ազատամարտիկներին»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը:

Ավետիսյանը հայտնել է, որ իրենց պահանջները հանձնվել են Հայաստանի ֆինանսների նախարարությանը, եւ իրենց կոնկրետ պատասխան են տալու: «Հաջորդ քայլով ստեղծվելու է հասարակական կազմակերպություն, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ազատամարտիկներն ապրեն արժանապատվորեն»,- ընդգծել է Վոլոդյա Ավետիսյանը` նկատելով, թե իրենց խոստացել են պատասխանել մայիսի 23-ին:

Մամուլի ասուլիսի երրորդ բանախոսը, ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո) նկատել է, որ 8 թոռների պապ է, գտնվում է ծանր սոցիալական վիճակում: «Ե վարկ եմ վերցրել եւ այսօր չեմ կարող մարել այն, ինչի համար իմ ձեռքից վերցնում են Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում: Թոշակ եմ ստանում ընդամենը 46 հազար դրամ»,- ասել է նա:

Լրագրողների դիտարկմանը, թե լուրեր էին շրջանառվում, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ծլել է նրա շքանշանը, Ստեփանյանը պատասխանել է, թե դա չի համապատասխանում իրականությանը, շքանշանը գտնվում է իր մոտ, եւ ինքը որեւէ պայմանով չի հրաժարվի դրանից, քանի որ շքանշանը սրբություն է: