Այսօր` մայիսի 16-ին, մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի մոտ (ֆոտոռեպորտաժ):

Նրանց ձեռքներին կային տարբեր գրություններով պաստառներ, օրինակ` «Բավական է այլանդակել մեր հուշարձանը»: Ակցիայի մասնակիցները քիչ էին, ինչը բացատրեցին այն հանգամանքով, որ մասնակիցների մի մասը նույն ժամանակ ներկա էր գազի գնի բարձրացման դեմ անցկացվող բողոքի ակցիային:

Ավելի վաղ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ բոլորին կոչ էր անում մասնակցել Փակ շուկայի տարածքում ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիային:

Նախաձեռնության հայտարարության մեջ ասվում էր. «Հասունացել է Ծածկած շուկայում ընթացող ապօրինի շինարարությունը կանխելու պահը։ Հինգշաբթի՝ մայիսի 16-ին՝ Ժամը 13:00-ին, բոլորս, անկախ քաղաքական եւ այլ դիրքորոշումներից, որպես քաղաքացի` մեկ մարդու նման գնում ենք կենտրոնական Ծածկած շուկա՝ դադարեցնելու տեղում ընթացող խայտառակ անօրինական շինարարությունը եւ պահանջելու Ծածկած շուկայի հուշարձան-շենքի տարածքում ապօրինաբար վեր խոյացող կցակառույցների ապամոնտաժումը՝ համաձայնվելով ճարտարապետների եւ պատկան մարմինների համընդհանուր դիքորոշման հետ: Միայն գիտակից քաղաքացիների միասնության շնորհիվ կարելի է կանխել մեր քաղաքում այսօր տեղի ունեցող ապօրինությունների ընթացքը»:

Հիշեցնենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն։ Այս տարվա հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» սկսվել են վերանորոգման աշխատանքները: Դեռեւս այս տարվա հունվարին, Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, Մաշտոցի պողոտայի «Փակ-շուկա»-ի ներսում ընթացող վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին: Մշակույթի նախարարության մասնագետները եղել էին այդտեղ եւ զեկուցել, որ ստորգետնյա աշխատանքների հետ կապված որեւէ խնդիր չկա, իսկ վերգետնյայի մասին այս պահի դրությամբ առայժմ խոսք չկա, քանի որ դեռեւս չկա որեւէ նախագիծ: «Այս պահին նախարարությանը դիմել են միայն ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղի կառուցելու համար: Դեռեւս որեւէ այլ ծրագիր չկա, իսկ երբ լինեն վերակառուցման ծրագրեր, ապա ընթացակարգով, օրենքով համապատասխան աշխատանքներ կիրականացվեն»,- նշել էր նախարար Հասմիկ Պողոսյանը: Սակայն արդեն այս հանգստյան օրերին շուկան նորից սկսել են քանդել:

Նշենք, որ Փակ շուկան Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն է։ Այն անցած դարի 50-ականներին ճանաչվել էր Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am