Հայաստանի Հանրապետության նոր ձեւավորված կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովին կներկայացնի իր նոր ծրագիրը: Այդ մասին որոշումն ընդունվել է մաիսի 16-ի նիստի ընթացքում;
Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ ծրագիրը ներառում է եւ հանրապետական կուսակցության, եւ «Օրինաց երկրի» ծրագրային դրույթները, ինչպես նաեւ խորհրդարանական կուսակցությունների ծրագրերի ընդունելի կետերը:
2013-17 թ.թ. համար նպատակադրվում է.
- զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի միջոցով,
- ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,
- նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,
- նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,
- ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի,
- 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում,
- միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի,
- աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով,
- 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով,
- պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով:




























