Հայաստանի մանկապատանեկան ասմունքի վեցերորդ մրցույթ-փառատոնի շրջանակներում, Ստեփանակերտի Շ. Ազնաուրի անվան մշակույթի կենտրոնում, այսօր՝ մայիսի 16-ին, տեղի է ունեցել Արցախի հանրապետական փուլը։

Ինչպես միջոցառման հանդիսավոր բացմանը նշել է փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մարկարյանը, այն անցկացվում է Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում ու Ջավախքում՝  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո։ Մրցույթ-փառատոնն այս անգամ նվիրված է հայ մեծանուն բանաստեղծներ Համո Սահյանին եւ Պարույր Սեւակին։ Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են արվեստի գործիչներ, պատգամավորներ, դերասաններ Հայաստանից եւ Արցախից:

ԼՂՀ  դպրոցներից 48 պատանի ասմունքողներ իրավունք են ստացել մասնակցելու Արցախի հանրապետական փուլին։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժյուրիի վերջնական գնահատականների ամփոփումից հետո հայտնի դարձան մրցույթի 6 հաղթողները։  Նրանցից, 11-14 տարիքային խմբում, առաջին տեղ է գրավել Սմբատ Հովհաննիսյանը (Քաշաթաղի շրջան, Կովսական, 35,5 միավոր), երկրորդ տեղը՝ Անուշ Պետրոսյանը (Ասկերանի շրջան, Ավետարանոց, 34,5 միավոր), երրորդ տեղը՝ Լաուրա Ավետիսյանը (Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, 29,5 միավոր)։ Իսկ 15-17 տարիքային խմբում առաջին տեղ է գրավել Թովմաս Առաքելյանը (Քաշաթաղի շրջան, Գետամեջ, 33 միավոր),  երկրորդ տեղը՝ Ելենա Պետրոսյանը (Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոց, 27,5 միավոր), երրորդ տեղը՝ Անի Հարությունյանը (Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ  դպրոց, 27,5 միավոր )։

Մրցույթի բոլոր հաղթողներն էլ, ովքեր իրավունք նվաճեցին Հայաստանում մասնակցելու եզրափակիչ փուլին,  արժանացան ԼՂՀ Ազգային ժողովի,  կրթության ու գիտության նախարարության պատվոգրերի ու դրամական պարգեւների՝ ըստ գրաված մրցանակային տեղերի։ 

Ամփոփելով միջոցառումը, տիկին Մակարյանը ելույթների կապակցությամբ գոհունակություն հայտնեց մրցույթի մասնակիցներին եւ հույս հայտնեց որ հաջորդ նման միջոցառումներին ավելի մեծ թվով մանուկներ եւ պատանիներ կներգրավվեն։ Նրա հաղորդմամբ՝ եզրափակիչ փուլը տեղի կունենա ս.թ. մայիսի 26-27-ին՝ Ջերմուկ քաղաքում։