Հայաստանի Հանրապետության 5-հոգանոց պատվիրակությունը այցով գտնվում է ԱՄՆ Քանզաս նահանգում՝ նահանգի Ազգային գվարդիայի հետ գործընկերության ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է WIBW-ն: Սա արդեն Հայաստան-Քանզաս գործընկերության 10-րդ տարեդարձն է, հայկական պատվիրակությունը Քանզասում կմնա մինչեւ ուրբաթ:
Ինչպես հաղորդում է Seattle PI-ն, Քանզաս նահանգի գեներալ-ադյուտանտն ու Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որՀայաստանի եւ Քանզաս նահանգի միջեւ 10-ամյա հարաբերությունները օգտակար են եղել կողմերի համար:
Հայաստանի ՊՆ պաշտոնյա Սերգեյ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանը շատ բան է սովորել Քանզասից եւ օգտագործում է սովորածը նոր ժողովրդավարություն կառուցելու գործում: «Մեր գործընկերությունը ձեռնտու է երկու կողմերի համար եւ հետագայում էլ կզարգանա: Հայերն ասում են «Մեկ ձեռքը ծափ չի տա»: Մեր գործընկերությունը մեզ ծափ տալու հնարավորություն է տալիս»,-հայտարարել է Աբրահամյանը:
Քանզասի գեներալ ադյուտանտ, գեներալ-լեյտենանտ Լի Թաֆանելլին էլ նշել է, որ հայերը մեծ հաջողությունների են հասել անկախություն ձեռք բերելուց հետո, օրինակ վերցնելով ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Մեծ Բրիտանիայից:




























