ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել դեռ նախագահական  առաջին ժամկետի ընթացքում Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական բարեփոխմանը: Դեմ են քվեարկել 299 կոնգրեսականներ, ոչ մի հանրապետական  չի աջակցել Սպիտակ տան ղեկավարի նախաձեռնությունը: Միաժամանակ, ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնեցրել է ներգաղթյալների մասին օրենքի բարեփոխումների նախագիծը, այս հարցում հանրապետականները եւ դեմոկրատները փոխզիջման են գնացել:

Սա առողջապահական բարեփոխումները մերժելու Կոնգրեսի արդեն 37-րդ փորձն է: ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցները հանրապետականների ջանքերն անվանում են  ժամանակի զուր կորուստ, գրում է rbc-ն: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ այդ քայլը զուտ ձեւական բնույթ է կրում: Սենատը, որտեղ մեծամասամբ դեմոկրատներ են,  չի պատրաստվում քվեարկություն անցկացնել, իսկ հանրապետականների կողմից  Obamacare անվանումը ստացած բարեփոխումն ամեն դեպքում շարունակվելու է:

Ինչ վերաբերում է ներգաղթային բարեփոխումների համաձանեցված օրինագծին, կոնգրեսականներն առայժմ հրաժարվում են այն մեկնաբանել, հայտնում է «Օբոզրեվատելը»:

Հայտնի է, որ դեմոկրատները համաձայն չեն հանրապետականների հետ՝ ներգաղթյալներին առողջապահական բարեփոխումներում ընդգրկելու հարցում: Հանրապետականներին էլ դուր չի գալիս արտասահմանցի աշխատակիցներին ներգրավելու սխեման։ նրանք նաեւ  դեմ են, որ 11 միլիոն դոլարի բժշկական ապահովագրության իրավունքը տարածվի ապօրինի ներգաղթյալների վրա: 
Սակայն երկու կուսակցություններն էլ շահագրգռված են Ներկայացուցիչների պալատում փոխզիջման հասնելու հարցում, հակառակ դեպքում պալատը կարող է կորցնել նախաձեռնությունը, եւ այդ ժամանակ գործածության կդրվի այլընտրանքային օրինագիծ, որը կքննարկվի Սենատում:

Նախկինում Սենատի հանձնաժողովը հրապարակել էր ներգաղթային բարեփոխման նախագիծը։ Քաղաքացիություն ստանալու համար ներգաղթյալները պետք է սպասեն 13 տարի եւ 2 հազար դոլար վճարեն։
Հիշեցնենք, որ առողջապահական բարեփոխումը Օբամայի 2008թ. նախընտրական ծրագրի գլխավոր կետն էր: Սակայն հենց սկզբից էլ հանրապետականները եւ անկախ ակտիվիստները վիճարկում էին բարեփոխման տարբեր դրույթները, որոնցում գլխավորը պարտադիր բժշկական ապահովագրության անհրաժեշտությունն էր: ԱՄՆ-ի դատական գերագույն մարմինը բարեփոխումն օրինական էր ճանաչել: