Հունաստանում ինքնաձիգներով զինված երկու հանցագործներ կողոպտել են Լարիսա քաղաքի Ազգային բանկի մասնաճյուղը` տանելով մեկ միլիոն եվրո: 

Բանկի աշխատակիցները պատմել են, որ հանցագործները շենք են մտել կողային բաց դռնից, բռնել տնօրենին եւ անձնակազմին, եւ, զենքով սպառնալով, պահանջել  բացել բոլոր գաղտնարանները: Հանցագործների դեմքը բաց է եղել: Վերցնելով փողերը` նրանք փախուստի են դիմել, հայտնում է  utro.ru-ն:

Ըստ ականատեսների` բանկի մոտ կողոպտիչներին է սպասել «Քսարա»  մակնիշի մեքենա: Այն ավելի ուշ գտել էին  Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղում:  Կատարվում են հետախուզական միջոցառումներ։

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ ոստիկանությունն արդեն պարզել է հանցագործներից մեկի ինքնությունը, քանի որ վերջիններիս դեմքը բաց է եղել: Նա այս տարվա մարտին Տրիկալա քաղաքի բանտից փախած Ալբանիայի քաղաքացի է:  Ոստիկանությունը տարածել է նրա լուսանկարները, որոնք ցուցադրվել են նաեւ հեռուստատեսությամբ:

Մարտի 23-ին զինված մարդկանց մի խումբ հարձակվել էր Տրիկալայի բանտի վրա եւ վիրավորել երկու պահակների: Դրանից հետո փախել էին 11 բանտարկյալներ, որոնցից մի քանիսը բռնվել էին, սակայն մի մասը մինչ այժմ հետախուզվում են:
[