Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հերթական գրառումն է արել «Ֆեյսբուքում», որտեղ նշել է, որ անհրաժեշտ է հասնել ընդդիմության համախմբմանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Երեկ հանդիպման էի Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամում, որտեղ հանդես եկա Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ ելույթով: Դրան հաջորդեց հարցուպատասխան-քննարկում մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Ելույթում հետեւյալ հիմնական շեշտադրումներն արեցի.
Հայաստանում ավարտվեց ընտրական շրջանը, որը մեկնարկել էր 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններով, շարունակվել 2013թ. փետրվարի նախագահական ընտրություններով եւ ուղիղ մեկ տարի անց ավարտվել Երեւանի ավագանու ընտրություններով: Երեք ընտրություններն էլ քաղաքական դաշտում կառուցվածքային որեւէ փոփոխության չհանգեցրին: Ի՞նչ եզրակացություն կարելի է անել այս ընտրություններից.
- Ժողովրդի մեծամասնությունը ակնհայտորեն փոփոխություն էր ցանկանում եւ այդ նպատակով էլ գնաց ընտրությունների:
- Մենք դեռեւս պատրաստ չենք անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ:
Հաջորդ չորս-հինգ տարիները լինելու են առանց ընտրությունների, սակայն ոչ առանց խնդիրների, մտահոգությունների եւ մարտահրավերների ժամանակաշրջան: Անկասկած՝ լինելու է ժամանակի դեմ մրցավազք, որովհետեւ.
- ժողովուրդը կորցնում է համբերությունը: Նման իրավիճակում հնարավոր են ամեն տեսակի անկանխատեսելի զարգացումներ, որոնց կարիքը Հայաստանը բացարձակապես չունի.
-Բնակչության մի ստվար հատված պատրաստ է հեռանալ երկրից: Քաղաքական-տնտեսական իրավիճակից բխող այս խնդիրը լրջագույն սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը:
- Հայաստանը կորցնում է մրցունակությունը տարածաշրջանում:
- Վերջապես, մենք խնդիր ունենք շահել հարատեւ խաղաղությունը եւ գիտենք, որ Ադրբեջանը խնդիր է դրել շահել պատերազմը: Թե մեր երկուսից որը կկարողանա պարտադրել իր տարբերակը, կախված է նրանից, թե մենք ինչպես կդիմագրավենք վերոնշյալ մարտահրավերները:
Մենք բոլոր ասպարեզներում, բնականաբար, լուրջ խնդիրներ ունենք:
Ներքին քաղաքականություն
1. Անհրաժեշտ է վերացնել քաղաքական մենաշնորհը եւ Հայաստանի քաղաքական համակարգում հակակշիռներ ստեղծել: Գալիք ժամանակաշրջանի համար դա պետք է լինի ներքաղաքական դաշտի կարեւորագույն խնդիրներից մեկը:
2. Անհրաժեշտ է հասնել ընդդիմության համախմբման, որը եւ կարող է նպաստել վերոնշյալ խնդրի լուծմանը: Անհրաժեշտ է, որ մենք վերանայենք ընդդիմության եւ իշխանության մեր ընկալումները: Պետք է կարողանանք ձերբազատվել խորհրդային ընկալումներից ու կարծրատիպերից եւ առողջ քաղաքական դաշտի այս երկու մասնիկներին տանք իրենց համարժեք բնութագրումն ու դերակատարումը:
3. Անհրաժեշտ է ամենակարճ ժամանակում ձեւավորել համապետական քաղաքական օրակարգ, որն անպայմանորեն ենթադրում է ընտրական օրենսգրքի բարեփոխումներ եւ անհրաժեշտության դեպքում՝ սահմանադրական փոփոխություններ: Այստեղ իշխանությունները նույնպես պետք է տեսնեն իրենց շահը եւ ակտիվ մասնակից դառնան այդ օրակարգի թե՛ մշակմանը, թե՛ իրականացմանը:
Տնտեսություն
Ինչպես աշխարհի այլ երկրներում, Հայաստանում եւս մենք պետք է ունենանք «խնայողություն, թե աճ» տնտեսագիտական բանավեճը՝ վստահ լինելով, որ հաղթող կլինեն աճի կողմնակիցները: Ժամանակի դեմ մեր մրցավազքի պայմաններում Հայաստանը տնտեսական զարգացման այլ տարբերակ պարզապես չունի: Կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ իր բոլոր հնարավոր բաղադրիչներով եւ լծակներով, պետք է միտված լինի երկրում տնտեսական աճի ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ կենսամակարդակի բարձրացմանը: Հավակնոտ այս մոտեցումը իշխանություններին կպարտադրի իրականացնել տարիներով ձգձգվող կառուցվածքային լրջագույն բարեփոխումները` հարկային, ֆինանսական եւ այլ ոլորտներում:
Արտաքին քաղաքականություն
Այստեղ պատկերը նույնպես հուսադրող չէ: Ղարաբաղյան բանակցային գործընթացը այսքան խոր փակուղում երբեւէ չի եղել, իսկ դրանից դուրս գալու հեռանկարը չի երեւում: Սա մտահոգիչ է բոլորի համար, քանի որ այս իրավիճակի ձգձգումը կարող է անկանխատեսելի զարգացումների հանգեցնել: Հարկավոր է հստակեցնել՝ որն է բանակցային ներկա փաստաթուղթը, որը բոլոր կողմերը կընդունեն որպես բանակցությունները սկսելու հիմք: Նույնը կարելի է ասել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Երբեք կողմերը միմյանց նկատմամբ այսքան սառը եւ անտարբեր չեն եղել: Այս իրավիճակը նույնպես պետք է փոխվի:
Մեր առջեւ ընտրություն է դրվելու Եվրոպական Միության եւ դեռեւս գոյություն չունեցող Եվրասիական միության միջեւ: Արդյոք դա պետք է լինի ընտրությո՞ւն, թե՞ այսօրվանից պետք է այս երկուսի հետ մեր ներգրավվածությունը դիտարկենք որպես իրար փոխլրացնող գործընթացներ եւ երկուսից էլ հնարավորինս օգտվենք:
Վերջապես, ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք առավել խորացնել հայ-վրացական հարաբերությունները՝ դրանք տեղափոխելով այնպիսի հարթություն, որը հնարավորություն կստեղծի երկու երկրների միջեւ սկսելու լրջագույն ինտեգրացիոն գործընթացներ:
Ելույթս ամփոփելով՝ ես անդրադարձա հայ-ամերիկյան հարաբերություններին՝ նշելով, թե ինչ կետում են այսօր դրանք գտնվում.
1. Երկկողմ որեւէ նոր պայմանագիր չի ավելացել:
2. Գնալով կրճատվել է Միացյալ Նահանգների օգնությունը Հայաստանին, մինչդեռ դրա կարիքն ավելի է զգացվում հատկապես ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում:
3. Փակվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որը էապես կարող էր նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը:
4. Միացյալ Նահանգները որեւէ հաջողություն չի արձանագրել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, այնպես էլ Ղարաբաղյան կարգավորման հարցերում:
Այս ամենը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել հայ-ամերիկյան հարաբերությունները եւ ճանապարհներ որոնել դրանց նոր թափ եւ բովանդակություն հաղորդելու համար, մանավանդ, որ ԱՄՆ-ը կարող է լուրջ հետաքրքրություն ունենալ հենց այս օրակարգի նկատմամբ, որը իմ ելույթում ներկայացրեցի»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























