2013թ.  «Coca-Cola Hellenic Bottlers Armenia» ՓԲԸ-ն պատրաստվում է 40 միլիոն լիտր Coca-Cola ըմպելիք արտադրել: Այդ մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողներին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի ընկերություն կատարած այցի ժամանակ: Նա արտադրության գումարային համարժեքը չնշեց, սակայն հայտնեց, որ ձեռնարկությունում վստահ աճ է գրանցվում, իսկ հիմնադրման պահից ի վեր ավելացել են տարեկան արտադրության ծավալները:

«Մենք աշխատանքով ենք ապահովում 600 մարդու, որոնցից 300-ը՝ հենց ձեռնարկությունում, եւս 300-ը՝ մեր գործողությունների միջոցով: Մենք հպարտանում ենք նաեւ նրանով, որ ամեն տարի հայտնվում ենք Հայաստանի 30 խոշորագույն հարկատուների ցանկում», – ասաց նա:

Իր հերթին Հեֆերնը գոհունակություն հայտնեց, որ Coca-Cola-ի նման  ճանաչված ամերիկյան ապրանքանիշի որակն այդպիսի պատասխանատվությամբ պահպանվում է Հայաստանում:  «Ընկերության բոլոր աշխատակիցները Հայաստանի քաղաքացիներ են: Դա նշանակում է, որ ձեռնարկությունն այս երկրի քաղաքացիների համար սեփական հայրենիքում ինքնադրսեւորվելու հնարավորություն է ստեղծում», – նշեց դեսպանը՝ տեսախցիկների առաջ կում անելով Coca-Cola Light-ի 0,5 լ-անոց շշից:

«Coca-Cola Hellenic Bottlers Armenia» ՓԲԸ-ն ունի Հայաստանում Coca-Cola-ի արտադրման եւ իրացման իրավունք: