Գազի սակագնի շուրջ բանակցությունները Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին գործն են: Այդ մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: «Այդ պատճառով չեմ կարծում, որ պատրաստ եմ մեկնաբանել այդ հարցը», – հավելեց նա:
Ի պատասխան հարցին, թե գոհ է արդյոք Հայաստանում մաքսային ընթացակարգերից եւ մրցակցությունից, դիվանագետը նշեց, որ դա ԱՄՆ-ի դեսպանատան եւ հայկական կողմի քննարկումների գլխավոր թեմաներից է: «Յուրաքանչյուր կողմ կարող է շարունակել կատարելագործվել այդ բնագավառում՝ իր իսկ շահերից ելնելով: Մենք Հայաստանի իշխանությունների կողմից նման պատրաստակամություն տեսնում ենք եւ պատրաստ ենք աջակցել նրանց», – պարզաբանել է Հեֆերնը, հավելելով, որ տնտեսության մեջ թափանցիկությունը շատ կարեւոր է արդար մրցակցության համար, որից շահում են բոլորը:
«Երբ Հայաստանում միայն մեկ բջջային օպերատոր էր աշխատում, կապի գները բավականին թանկ էին: Երբ հայտնվեց երկրորդը, իսկ հետո նաեւ երրորդը, գներն ընկան, իսկ ծառայությունների որակը լավացավ: Այդ նույն կանոնն էլ գործում է շաքարի, ավիափոխադրումների եւ ցանկացած այլ բանի շուկայում», – ասաց Հեֆերնը: Լրագրողներից մեկի հարցին, թե քննարկվել է արդյոք Հայաստանի կառավարության հետ այդ հարցը, դեսպանը պատասխանեց. «Մշտապես»: Կառավարության տված պատասխանների վերաբերյալ լրացուցիչ հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Մենք տեսնում ենք այդ հարցի կարեւորության գիտակցումը»:



























