Այս տարի Հոգեգալստյան տոնը՝ Պենտեկոստե, կնշվի մայիսի 19-ին:
Առաքյալների վրա Սբ. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Սբ. Հարության հիսուներորդ օրը:
Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սբ. Հոգին Սբ. Երրորդության երեք անձերից մեկն է, համագո եւ հավասար Հորը եւ Որդուն:
Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սբ. Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգեւ է, որ տրվում է հավատացյալին Սբ. Հոգուց, եւ որեւէ առաքինության վերագրումը սեփական անձին եւ ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է: Հետեւաբար, Հոգեգալստի հիշատակումը նաեւ կոչ է յուրաքանչյուր հավատացյալին` հպարտությունից խուսափել եւ աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել: Երկուշաբթիից սկսվում է Եղիական պահքը:
Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված տարվա չորս եղանակի պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, Եղիական պահքը եւս եկեղեցական որեւէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` Եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքն սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը` Հոգեգալստյան կիրակի):
Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչեւ հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը եւս տեւում է 5 օր` երկուշաբթիից մինչեւ ուրբաթ:



























