«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը եւ «Առաջ, երեխաներ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը մայիսի 12-16-ին անցկացրել են «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը:
Մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել երեխաների եւ պատանիների հոգեւոր դաստիարակությանը եւ բազմակողմանի զարգացմանը (ծանոթություն երաժշտական թատրոնի, պարարվեստի, թատերարվեստի ժանրերին):
Մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը տեղի է ունեցել ՀՀ մարզերում՝ ս. թ. ապրիլի 20-ից մայիսի 9-ը: Հայաստանի երաժշտական, արվեստի, հանրակրթական դպրոցների կողմից ներկայացված 24 մանկապատանեկան երաժշտական բեմադրություններից, որոնցում ընդգրկված էին 643 երեխա, նախընտրական փուլը հաղթահարել են 10-ը: Մրցույթ-փառատոնի 2-րդ փուլ անցած բեմադրությունները մայիսի 12-16-ը ցուցադրվել են մայրաքաղաքում՝ Համազգային, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոններում:
Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին մշակույթի գծով Երեւանի քաղաքապետի խորհրդական, բեմադրիչ Արամ Սուքիասյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Առաքելյանը, «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական մրցույթ-փառատոնի հեղինակ եւ ղեկավար, «Առաջ, երեխաներ» կրթամշակութային ՀԿ նախագահ Նաիրա Ներսիսյանը, Երեւանի պարարվեստի պետական քոլեջի պարուսույց Սրբուհի Բաբայանը եւ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ, «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական մրցույթ-փառատոնի պատասխանատու քարտուղար Լիլիա Նիկոյանը:
Մրցույթ-փառատոնի արդյունքները կամփոփվեն երկու գալա համերգին՝ հունիսի 1-ին, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում եւ հունիսի 5-ին, Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հաղթողներին կշնորհվեն «Գրան պրի», 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ:



























