Այսօր՝ մայիսի 17-ին, հանրապետության շուրջ 1400 հանրակրթական դպրոցներում հյուրընկալվել էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի ծառայողներ: «Դասը վարում է ոստիկանը» խորագրով աննախադեպ միջոցառման նպատակը դեռահասների հետ աշխատանքի որակական փոփոխությունն էր:
Ոստիկանությունը չափազանց կարեւորում է անչափահասների իրավական դաստիարակության խնդիրը, եւ նրանց հանցավորության մարտահրավերներից զերծ պահելու, եւ ապագայում օրինահարգ քաղաքացիներ ունենալու մտահոգությամբ: Իսկ դեռահասի աշխարհը մտնելու, նրանց հուզող հարցերին եւ խնդիրներին առնչվելու լավագույն միջոցը ուղղակի շփումն է, մտերիմ զրույցը, հաղորդակցումը հենց իրենց տարածքում՝ դպրոցում:
Հայաստանի ոստիկանությանը նվիրված դասաժամի ընթացքում հյուրերը ավագ եւ բարձր դասարանների աշակերտներին ներկայացրին համակարգի անցած ուղին՝ 1918 թվականից մինչեւ մեր օրերը: Երեխաները նաեւ հնարավորություն ունեցան դիտելու ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պատրաստած «Երդվյալ ծառայության 95 տարի» տեսաֆիլմը:
Ներկայացվեցին նաեւ վերջին շրջանում ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ տարվող ծավալուն աշխատանքները:
Փաստելով, որ ցանկացած պետության կայացածության աստիճանը կարելի է գնահատել նրանով, թե ինչպիսին է ոստիկանությունը, դասը վարողներն արձանագրեցին, որ վերջին շրջանում էական բարեփոխումներ կան ոստիկանության գործունեության մեջ եւ արվելու է ամեն ինչ, որպեսզի վաղվա քաղաքացին իրեն ավելի ապահով ու պաշտպանված զգա իր երկրում:
Ոստիկանության ծառայողները պատասխանեցին նաեւ աշակերտներին հետաքրքրող հարցերին:
































