Հայկական բերքի առաջմղման կենտրոնի նախաձեռնած Հայաստանում ջերմատների զարգացման ծրագրի շրջանակում Արտաշատում եւ Իջեւանում շահագործման են հանձնվել ելակի բազմաբերք սորտերի աճեցման երկու ջերմատներ: 1500 քմ ընդհանուր տարածքով այս ջերմատներում մշակվում են ելակի մշակության եվրոպական առաջատար երկրներից ներմուծված ելակի բազմաբերք 6 սորտեր: Այս սորտերն ունեն ապրանքային լավ տեսք ու համային բարձր հատկանիշներ եւ ի տարբերություն Հայաստանում մշակվող ավանդական միաբերք սորտերի, ապահովում են շարունակական բարձր բերքատվություն տարվա բոլոր եղանակներին:
Այս ջերմատներում մշակությունն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ` հիդրոպոնիկ եղանակով, կոկոսի մանրաթելից պատրաստված էկոլոգիապես մաքուր սուբստրատում:
Ծրագրի մշակման եւ իրականացման գործընթացը կազմակերպվել է տեղական եւ կենտրոնի կողմից հրավիրված միջազգային փորձագետների մասնակցությամբ ու խորհրդատվությամբ: Ըստ նրանց` Հայաստանում առկա են բարենպաստ պայմաններ բարձրարժեք հատապտուղների, այդ թվում` ելակի ջերմատնային արտադրության զարգացման եւ ընդլայնման համար:
Ելակի նոր սորտերի արտադրությունը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ առաջին քայլն է ոչ սեզոնային ժամանակահատվածում (ուշ աշուն, ձմեռ, վաղ գարուն) Հայաստանում ելակի արտադրության կազմակերպման ուղղությամբ: Այն նաեւ լավ հնարավորություն է փոքր եւ միջին գյուղացիական տնտեսությունների ու անհատ գյուղացիների համար` իրենց ջերմատնային բիզնեսը սկսելու եւ ընդլայնելո ւուղղությամբ:
Այս գործընթացի կարեւոր խթան է նաեւ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից առաջարկվող Սկսնակների ֆինանսավորման ծրագիրը, որը տրամադրում է վարկավորման երաշխավորագրեր սկսնակ ձեռնարկատերերին` հնարավորություն ընձեռելով նրանց նպաստավոր պայմաններով ներգրավել վարկային միջոցներ ջերմատների հիմնման համար:




























