Երեւանի կենդանաբանական այգում անցկացված ստուգումը մի շարք թերություններ է ի հայտ բերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ վեր հանված խնդիրներն այդքան էլ վտանգավոր չեն եւ կենդանաբանական այգուն հանձնարարվել է վերացնել դրանք մինչեւ հունիսի 1-ին մեկնարկող նոր սեզոնը: Արամ Սուքիասյանը նշել է, որ կենդանաբանական այգում խախտումների հետ կապված աշխատանքից ազատվել է այգու փոխտնօրենը:
«Հիմնականում խախտումները վերաբերել են անվտանգության եւ վարչական հարցերին: Դրանք չեն վերաբերել ֆինանսական կողմին կամ կենդանիների սննդին»,-ասաց քաղաքապետի խորհրդականը: Նրա խոսքով՝ ներկայումս բանակցություններ են ընթանում, որոնք վերաբերում են ներդրումների ներգրավմանը՝ նոր վանդակներ կառուցելու համար, քանի որ գործող վանդակների մի մասը չի համապատասխանում միջազգային չափանիշներին:
Հիշեցնենք, որ տարվա սկզբից, Երեւանի կենդանաբանական այգում երկու աղմկահարույց դեպք էր արձանագրվել: Հունվարի 15-ին կենդանաբանական այգում առյուծն, օգտվելով վանդակի կոտրված լինելուց, անցել է հարեւան վանդակ, որտեղ երեք առյուծներ հոշոտել են նրան:
Փետրվարի 8-9-ին մուֆլոնների վանդակ են մտել երկու «վայրի շներ» եւ հոշոտել երեք մուֆլոններին:



























