Փետրվարի 26-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Մարդասիրական օգնության և արտակարգ իրավիճակների հարցերով տեղակալ Ջոն Հոլմսի հետ:

Հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է փոխանցվել ՀՀ կառավարության կողմից Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված 100 հազար ԱՄՆ դոլար բանկային ծանուցագիրը:

Կ. Նազարյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության ընդունած համապատասխան որոշման` հատկացվող գումարը ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի միջոցով ուղղվելու է Հայիթիի երկրաշարժից տուժածների ժամանակավոր կացարանների, ոչ պարենային ապրանքների, սննդի և առողջապահական կարիքների ապահովմանը: Նա նաեւ նշել է, որ չնայած առկա ֆինանսատնտեսական դժվարություններին` ՀՀ կառավարությունը մեծապես կարևորել է Հայիթիի երկրաշարժից տուժածներին աջակցության տրամադրումը` հաշվի առնելով Հայաստանի 1988-ի աղետալի երկրաշարժի փորձը և առհասարակ նման իրավիճակում միջազգային հանրության կողմից օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Գլխավոր քարտուղարի տեղակալը իր հերթին կարևորել է ինչպես Հայաստանի ուղղակի օժանդակությունը, այնպես էլ որպես ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների կենտրոնական հիմնադրամի դոնոր երկիր՝ անուղղակի մասնակցությունը երկրաշարժի առաջին օրերի ընթացքում:

Պրն. Հոլմսի խնդրանքով` դեսպան Կ. Նազարյանը տեղեկացրել է 1988թ. երկրաշարժի գոտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքների մասին: