80-ամյա ճապոնացի Յուիչիրիո Միուրան հաջողությամբ ավարտել է երկրագնդի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի նվաճումը: Նրան ուղեկցել են որդին ու ուղեկցորդը:
Էվերեստի նվաճումը տեւել է 8 օր: Վերջին մետրերի նվաճումը բավական բարդ է եղել՝ ուժեղ քամու պատճառով, հաղորդում է Dni.ru-ն:
Մինչ այդ ռեկորդը պատկանում էր նեպալցի ալպինիստ Մին Բահադուրու Շերխանին, ով Էվերեստ է բարձրացել 2008-ի մայիսի 25-ին՝ 76 տարեկան հասակում:
Հատկանշական է, որ մինչեւ Շերխանը, ռեկորդը պատկանել է նույն Միուրային, ով Էվերեստ էր բարձրացել 10 տարի առաջ՝ 70 տարեկանում: Նա հիմա ցանկանում է ապացուցել, որ անկախ տարիքից, մարդը կարող է եւ պետք է ձգտի բարձունքների:



























