ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վիկտորյա Նուլանդին առաջադրել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնականի պաշտոնում: Նախկինում Նուլանդը զբաղեցնում էր ԱՄՆ-ի պետդեպի մամուլի ծառայության պետի պաշտոնը, գրում է The Washington Post-ը:

Ամենայն հավանականությամբ, Սենատում լսումների ընթացքում հանրապետականները հանգամանորեն կքննարկեն Նուլանդի թեկնածությունը: Politico-ն հայտնում է, որ Վիկտորյա Նուլանդի անունը հայտնվել էր Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման հետեւանքով  ծագած սկանդալի կենտրոնում:  Հանրապետականները Սպիտակ տանը մեղադրել էին  ընտրությունների նախաշեմին նախագահի թեկնածու Բարաք Օբամայի վարկանիշին չվնասելու նպատակով կատարվածի մանրամասները թաքցնելու համար:   Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտնել էր, որ հրապարակային զեկույցից պետք է հանվեր այն ամենը, ինչը մատնանշում էր  հարձակմանն ահաբեկիչների մասնակցությունը, ինչպես նաեւ պատրաստվող ահաբեկչությունների մասին ԿՀՎ-ի նախազգուշացումները:  Իր դիրքորոշումը նա հիմնավորել էր նրանով, որ Կոնգրեսի անդամներն անպայման կօգտվեն դրանից՝ արտաքին քաղաքական գերատեսչությանը հետախույզների նախազգուշացումներին անփույթ վերաբերվելու մեջ մեղադրելու համար: