ԱՄՆ-ում պաշտոնապես չեղյալ է հայտարարվել անչափահաս նույնասեռականներին ամերիկյան բոյ-սքաութների շարքերն ընդունելու արգելքը: Միաժամանակ, տարիքով գեյերին, նախկինի պես արգելվում է աշխատել սքաութների հետ, գրում է Los Angeles Times-ը:

Այս արգելքը հանելու օգտին հանդես է եկել «Ամերիկայի բոյ-սքաութների» ազգային խորհրդի 1232 անդամներից 757-ը: Արգելքը հանելու արշավն սկսվել է դեռեւս 2000 թվականի սկզբից, երբ ԱՄՆ գերագույն դատարանը հավանություն էր տվել բոյ-սքաութների որոշմանը, ըստ որի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն կարող լինել կազմակերպության անդամ, քանի որ նրանց վարքը հակասում է կազմակերպության արժեքներին: Թեեւ դատարանի որոշմանը, հասարակական կազմակերպությունները եւ նույնիսկ երկրի նախագահ Բարաք Օբաման կոչ են արել բոյ-սքաութներին հանել այդ արգելքը, քանի որ այն հակասում է մարդու իրավունքներին:

Արգելքի հանումը երկու մասի է բաժանել ամերիկյան հասարակությունը. Պահպանողական կրոնական կազմակերպությունները, որոնք, ի դեպ, ֆինանսավորում են բոյ-սքաութներին, արդեն իրենց խորը վրդովմունքն են հայտնել ընդունված որոշման առթիվ: