Նյու Ջերսիում մայիսի 18-ին, տեղի է ունեցել «Թեքեյան» մշակութային միության նոր սրահի բացման արարողությունը, որին մասնակցել են ԱՄՆ արեւելյան ափի հայկական կառույցների ղեկավարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:
Իր խոսքում, ընդգծելով «Թեքեյան» մշակութային միության դերը հայ ինքնության, լեզվի եւ մշակույթի պահպանության գործում, դեսպան Նազարյանը նշել է, որ հայապահպանման առաքելությունն իրականացնելիս սփյուռքում իրենց առանձնահատուկ դերակատարությունն ունեն եւ՛ Հայ առաքելական սուրբ եկեղեցին, եւ՛ սփյուռքյան ավանդական կուսակցությունները, միությունները, մշակութային խմբերը, բարերարներն ու պարզապես անհատները։
Շնորհակալություն հայտնելով թեքեյանականներին իրենց դրսեւորած անսահման հայրենասիրության ու նվիրվածության համար՝ Կարեն Նազարյանն ընդգծել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում «Թեքեյան» ՄՄ-ը եւ ՄԱԿ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը համատեղ կազմակերպել են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայրենիքի անկախությանը, հայկական բանակի կազմավորմանը, Շուշիի ազատագրմանը եւ ՄԱԿ–ին ՀՀ անդամակցության 20-ամյակին:



























