Օբամային պատասխան նամակում Ռուսաստանի նախագահ Պուտինն առայժմ համաձայնություն չի տվել միջուկային սպառազինման կրճատման մասին Սպիտակ տան առաջարկին: ՀՀՊ-ի մասին տեղեկատվության փոխանակման վերաբերյալ Օբամայի առաջարկը նույնպես մերժվել է: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրին: Ռուս նախագահի նամակի գլխավոր թեման ՀՀՊ-ի հարցն էր:
«ՀՀՊ-ի բնագավառում մեզ համար այլ բան է կարեւոր՝ ապահովել պայմանավորվածության իրավաբանորեն պարտավորեցնող բնույթը, այն պլանում, որ ամերիկյան ՀՀՊ-ն ուղղված չէ ռուսական ռազմավարական միջուկային ուժերի դեմ», - պարզաբանել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որպեսզի «այդ պայմանավորվածությունն ընդգրկի համաձայնեցված ռազմատեխնիկական չափորոշիչները, որոնք թույլ կտան անաչառ դատել այն, ինչ տեղի է ունենում այդ ոլորտում», այլ ոչ թե միայն ապավինել ամերիկացի գործընկերներից ստացված տեղեկությանը:
Հիշեցնենք, որ Օբաման Պուտինին նամակ էր գրել ապրիլի կեսերին: Այնտեղ շարադրված էին համագործակցության որոշակի առաջարկներ: Մասնավորապես, Օբաման առաջարկում էր «իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր մշակել թափանցիկության վերաբերյալ (ՀՀՊ հարցում), որը կներառեր տեղեկատվության փոխանակում՝ ի հաստատումն այն բանի, որ մեր ծրագրերը միմյանց ուժերը զսպելու սպառնալիք չեն ներկայացնում»:



























