Մայիսի 23-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղի է ունեցել Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն:  Միջոցառումն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության  նախաձեռնությամբ:

Հոգեհանգստյան արարողությունից եւ Խաչքարի հանդիսավոր բացումից հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ է ունեցել Ռաֆայել Ումուդյանը: Դատապարտելով Սումգայիթի եղեռնագործությունը՝ նա ընդգծել է, որ այն չհուսալքեց հայ ժողովրդին, այլ բարձրացրեց մեր ժողովրդի միասնության ոգին, որի արդյունքը հանդիսացավ ազգային‑ազատագրական պայքարի հաղթանակը Արցախում:

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանն իր ելույթում նշել է, որ «25 տարի առաջ Սումգայիթում տեղի է ունեցել հայ ժողովրդի նորագույն պատմության   ամենամեծ ողբերգություններից մեկը: Հայ բնակչության հանդեպ իրականացված եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից հստակ մշակված էթնիկ զտման եւ տեղահանման հրեշավոր քաղաքականության հերթական դրսեւորումն էր:  Սումգայիթյան ջարդերը փոխեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը. ԼՂ ժողովուրդը ստիպված եղավ իր ազատ ապրելու արդարացի իրավունքը պաշտպանել արյան գնով… եւ մեր ժողովրդի միասնականության եւ համախմբվածության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ մենք ունենք ազատ, անկախ ու համաչափ զարգացող Արցախ»: Դեսպան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ներկայիս բոլոր մարտահրավերները մեր ժողովուրդը դիմակայելու է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության  եւ անկոտրուն կամքի շնորհիվ:  

Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանն իր արտասանած խոսքում նշել է, որ Ս. Նշան Մայր եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը  հայ մշակույթի ազգային ու հոգեւոր խորհրդանիշ է, արդարության պահանջի եւ բողոքի կոթող:

Հանդիսությանը ներկա էին պետական նախարար Փանոս Մանճյանը, խորհրդարանի անդամներ,  հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: