Մայիսի 24-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) հայաստանյան գրասենյակը քննարկում է անցկացրել, որի շրջանակներում անդրադարձել է Հայաստանում ծննդաբերել պատրաստվող կանանց խնդիրներին:
Առողջապահության նախարարի հրամանով` Ծննդօգնության եւ երեխայի առողջության պետական հավաստագրերը տեղայնացվել են: Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից:
Այսպիսով, այս տարվա մայիսից մարզային գրանցում ունեցող կանայք մայրաքաղաքում ծննդաբերելու համար ստիպված են հավելյալ գումար վճարել, ինչը նշանակում է, որ միայն Երեւանում գրանցված կանայք իրավունք ունեն օգտվել մայրաքաղաքի բուժհիմնարկների անվճար ծննդօգնությունից:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Մարիամ Մկրտչյանը, Սեռական եւ վերարտադրողական առողջության ծրագրերի պատասխանատու Անուշ Պողոսյանը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Ավագյանի պարզաբանմամբ` որոշման հիմնական նպատակը մարզերի ծննդօգնության հիմնարկների հասցեականության ուղարկվող ֆինանսական միջոցների ապահովը, կանանց բավարարվածության, ֆիզիկական մատչելիության բարձրացումը, բուժօգնության շարունակականության ապահովումն է:
«Հղիության նորմալ ընթացք ունենալու դեպքում կինը մեծ հաջողությամբ կարող է ծննդաբերել ըստ բնակության վայրի: Թեեւ այդ ամենին նա իրավունք ունի հղիության առաջին իսկ օրվանից դիմել Երեւանի որեւէ բուժհաստատություն եւ ինը ամիս շարունակ ծառայություններ ստանալ Երեւանում վճարելով փոքրիկ գումար եւ կարիք չունենալով ապրել Երեւանում, ներկայացնել կեղծ փաստաթղթեր, եւ այլն», ասաց Գայանե Ավագյանը` ավելացնելով, որ այն կանայք ովքեր ամիսներ շարունակ հսկողության տակ են գտնվում մարզային բուժհաստատություններում եւ ցանկություն են հայտնում ծննդաբերել Երեւանում պետք է վճարեն 107 հազար ՀՀ դրամ պետական վճար:
Ավագյանը նշեց, որ ուղեգրման համար հիմք է ընդունվում ոչ թե գրանցման, այլ բնակության վայրը եւ նույնիսկ մարզերում գրանցված կանայք, եթե բնակվում են Երեւանում եւ իրենց նախածննդյան հսկողությունը ստացել են Երեւանում, ապա կծննդաբերեն հենց մայրաքաղաքում:
Առողջապահության նախարարության տեսակետին հակադարձելով ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը ասաց, որ պետք է հղի կնոջը ընտրության հնարավորություն տալ: «Թույլ տվեք մարդիկ իրենք ընտրեն, չի կարելի ջարդել հղի կնոջ ցանկությունը: Տեղայնացնելով խնդիր չեք լուծելու։ Պարտք կանեն, էլի կգան Երեւանում կծննդաբերեն»:
«Մարզերի հիվանդանոցները չունեն համապատասխան տեխնիկա, եւ կանայք պարտքով գումար կվերցնեն կտեղափոխվեն Երեւան, կծննդաբերեն այստեղ եւ հետո կվերադառնան», ասաց Պողոսյանը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը խոսելով որոշման մասին` նշեց, որ դժվար է չհամաձայնել Թեւան Պողոսյանի տեսակետի հետ, որ ազատ ընտրությունը ամենաճիշտն է: Ըստ Հայրապետյանի` անհրաժեշտ է առաջին հերթին ժողովրդի հավատի ուղղությամբ աշխատել, որպեսզի մարդիկ հավատ ունենան մարզերի բուժհաստատությունների նկատմամբ:
IWPR-ի այն հարցին, թե որքանով կարող է այս որոշումը ազդել Հայաստանում վերջերս շատ քննարկվող ժողովրդագրական խնդիրների, արտագաղթի, ծնելիության անկմանը Թեւան Պողոսյանը միանշանակ ասաց, որ կարծում է, թե դա կարող է ծնելիությունը զսպող եւ որոշ դեպքերում արտագաղթը խթանող հանգամանք լինել:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի կարծիքով ծնելիությունը ժողովրդագրական աճի միայն 10 տոկոսն է կազմում: «Գոյություն ունեն այլ գործոններ` մահացություն, արտագաղթ, եւ այլն»:



























