Մեծ Բրիտանիայում օդ են բարձրացել երկու մարտական կործանիչներ, որպեսզի ուղեկցեն Պակիստանի Լահոր քաղաքից թռչող ուղեւորատար օդանավը: Pakistan Intl Airlines ընկերությանը պատկանող օդանավում գտնվել է 297 ուղեւոր:
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտնել է, որ «Typhoon կործանիչները օդ են բարձրացել ստուգելու համար միջադեպի մասին տեղեկությունը, որը կապված է բրիտանական օդային տարածքում քաղաքացիական օդանավի հետ»:
Բրիտանիայի ոստիկանության փոխանցմամբ՝ թռիչքի ժամանակ ինչ-որ միջադեպ է գրանցվել պակիստանյան օդանավում, հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Օդանավը պետք է վայրէջք կատարեր Մանչեսթերում, սակայն ուղարկվել է Լոնդոն եւ վայրէջք կատարել Սթանսթեդի օդանավակայանում, հաղորդում է Sky News-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ պակիստանյան օդանավի օդաչուն հաղորդել էր ուղեւորներից մեկի ոչ պատշաճ վարքի մասին: Վայրէջքից հետո երկու ուղեւորներին ձերբակալել են՝ օդանավի համար անվտանգության սպառնալիք ստեղծելու կասկածանքով: «Նախնական տեղեկություններով, իրավիճակը կապ չունի ահաբեկչության հետ»,- նշել է Sky News հեռուստաալիքիը:




























