Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, մայիսի 23-ից hունիսի 1-ը Հայաստանում կիրականացվի «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ իրականացվում է 2012 թվականից՝ յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթվա ընթացքում: Այդ մասին իր ամենամյա ուղերձում նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, կարեւորելով գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունն ամբողջ աշխարհում:

«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրն այս ասպարեզում մեր երկրի արձանագրած ձեռքբերումների եւ իրականացվող ծրագրերի  յուրահատուկ ստուգատես է:

«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակում Երեւանում եւ ՀՀ մարզերում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Ծրագիրը կմեկնարկի մայիսի 23-ին՝ «Ասմունքի հանրապետական ամենամյա փառատոնի» եզրափակիչ փուլով, որը տեղի կունենա Երեւանի Մուշեղ Իշխանի անվան դպրոցում:

Ծրագրի հանդիսավոր փակումը տեղի կունենա հունիսի 1-ին, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգով եւ մրցանակաբաշխությամբ: