Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:
Փոխվարչապետը շնորհավորել է Բրեդլի Բուզետտոյին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: Ա. Գեւորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ՄԱԶԾ-ին համարում է կարեւոր գործընկեր, վերջինիս միջոցով Հայաստանում իրականացվող ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության առաջնահերթություններին:
Փոխվարչապետն անդրադարձել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությամբ տարածքային կառավարման եւ ՏԻ մարմինների աջակցությանն ուղղված համատեղ ծրագրերին, նշելով, որ համակարգն առաջիկա տարիներին մտնելու է բարեփոխումների նոր փուլ, որի արդյունավետ իրականացման համար ակնկալում է նաեւ ՄԱԿ-ի աջակցությունը: Ա. Գեւորգյանն առանձնահատուկ կարեւորել է տարածքների համաչափ զարգացման, համայնքների խոշորացման, տարածքային զարգացման հիմնադրամի ստեղծմանն ուղղված աշխատանքները: Տեղեկացրել է, որ ներկայումս համայնքների խոցելիության գնահատման նոր մոթոդաբանություն է մշակվել, որի ժամանակ կիրառվել է ՄԱԿ-ի մեթոդաբանությունը:
Նա արդյունավետ է համարել նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Արդյունաբերության զարգացման կազմակերպության, Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Բնակչության հիմնադրամի եւ ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ համատեղ աշխատանքները, շեշտելով փոխգործակցությունը գենդերային անհավասարության վերացման, թրաֆիքինգի դեմ պայքարի եւ այլ ոլորտներում:
Ա. Գեւորգյանը անդրադարձել է նաեւ Նյու Յորք իր աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռեբեկա Գրինսպանի հետ հանդիպմանը եւ նրա հետ քննարկված հարցերին:
Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վստահեցրել, որ ձեւավորված համագործակցությունը կշարունակվի նաեւ իր գործունեության տարիներին:Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը համատեղ ծրագրերում, մասնավորապես, շեշտելով ապակենտրոնացման քաղաքականությանն ուղղված ծրագրերը, ինչպես նաեւ քննարկել նոր նախաձեռնություններին օժանդակելու հնարավորությունները:




























