Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը տոնել է Մայիսյան հեղափոխության 203-ամյակը՝ Երեւանի Կոնգրես հյուրանոցում: Մայիսի 25-ը հիշեցնում է մի շարք հեղափոխական իրադարձություններ, որոնք ճանապարհ հարթեցին Արգենտինյան Առաջին Ազգային Կառավարության համար, որն էլ 1816 թվականին ավարտվել է Անկախության Հռչակագրով:

Արգենտինայի Ազգային Տոնին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, ազգային եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ներկայացուցիչներ մշակույթի եւ արվեստի, լրատվամիջոցների ոլորտից եւ այլոք:

Հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսել արգենտինյան գինի եւ խորոված` ի թիվս այլ բնորոշ ուտեստների: Ինչպես նաեւ վայելել են արգենտինյան տանգոյի ներկայացում` հայկական «Օվո» երաժշտական խմբի կատարմամբ:

Միջոցառմանը Հայաստանում Արգենտինայի  դեսպան Դիեգո Է. Ալվարեզ Ռիվերան հանդես է եկել ելույթով, որտեղ նշել է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ այստեղ գալու եւ մեզ հետ նշելու Մայիսյան Հեղափոխության 203 ամյակը, որը ճանապարհ հարթեց Արգենտինյան Առաջին Ազգային Կառավարության եւ 1816 թվականի Արգենտինայի Անկախության համար:

Այս տարի մենք նաեւ նշում ենք Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 ամյակը: Այդ պահից ի վեր մեր երկրների միջեւ կապերը հաստատուն կերպով աճել են տարբեր ուղղություններով եւ բազմաթիվ ոլորտներում: Որպես մի քանի օրինակ նշեմ, որ իմ ժամանումից ի վեր անցած տարվա ընթացում ընդունել ենք մեր Արտաքին Գործերի Նախարարին եւ բոլորովին վերջերս` մեր Փոխնախագահին:

Այս ժամանակահատվածում մենք վկա ենք եղել առեւտրի եւ ներդրումների հոսքերի աճին, որը մեզ թույլ է տալիս լինել շատ լավատես ապագայի հանդեպ: Ցուցադրվել են արգենտինյան մշակույթի եւ գեղարվեստի արտահայտումները, եւ հիանալի էր տեսնել այդպիսի հետաքրքրված ունկնդիր` հավաքված Երեւանում ապրիլ ամսին տեղի ունեցած Տանգոյի Փառատոնին: Ինչպես նաեւ, մի քանի շաբաթ առաջ մենք նշեցինք Մալբեկի Համաշխարհային Օրը` արգենտինյան գինիների որակը գնահատող գինու մեծաթիվ սիրահարների հետ: Չնայած շատ ձեռքբերումներ ենք ունեցել, դեռեւս կան աշխատելու շատ ոլորտներ եւ բացահայտելու համագործակցության շատ ուղիներ:

Բայց մեր ժողովուրդների միջեւ պատմական կապերը գալիս են հեռավոր անցյալից: Ինչպես քաջատեղյակ եք, հայկական համայնքը Արգենտինայում 20-րդ դարի առաջին կեսից ի վեր իր աշխատանքով, ջանքերով եւ խելամտությամբ մեծ աջակցություն է ցուցաբերել մեր երկրին` աչքի ընկնելով բիզնեսի, արվեստի, քաղաքականության եւ կյանքի շատ այլ ոլորտներում:

Վերջիվերջո, կցանկանայի, որ դուք բարձրացնեիք այս բաժակն ինձ հետ, որը մենք կանենք այս հիասքանչ արգենտինյան գինով, մեր երկրի եւ հայ-արգենտինյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար»: