Հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երեւանում տեղի կունենա թվով երկրորդ TEDxKids@Yerevan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից եւ առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ընթացող միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 300 երեխաներ Երեւանից եւ մարզերից: Այս տարի միջոցառումը կրում է «Մտածիր ինչպես երեխա» խորագիրը:

TEDxKids@Yerevan միջոցառման ընթացքում, տեսագրված TED ելույթների ընտրանու ցուցադրման հետ մեկտեղ ելույթ կունենան 10-18 տարեկան 25 բանախոսներ, ոմանք հատուկ կարիքներով: Նրանք խոսելու են իրենց ամենանվիրական, ամենաանհավանական, ամենահուզիչ, ամենագողտրիկ, ամենահամարձակ ու ամենատարօրինակ փորձառությունների ու գաղափարների մասին:

Բոլոր ելույթների տեսագրությունը հունիսի վերջին կտեղադրվի http://kids.tedxyerevan.com կայքում, որը կնպաստի հայ երեխաների կողմից բարձրաձայնված խնդիրների էլ ավելի լայն տարածմանը:

«Մեր թիմը հավատում է, որ լավագույն գաղափարների տարածումը կարող է ոգեշնչել երեխաներին դառնալ նախաձեռնող եւ ավելի պատասխանատու իրենց երկրի ապագայի նկատմամբ»,- հայտնեց TEDxKids@Yerevan-ի արտոնագրված անձ Քրիստինե Սարգսյանը: «Եթե համարձակ լինենք ու բաց աչքերով նայենք իրականությանը` կհասկանանք, որ մեր երկիրն այսուհետ ավելի շատ պատկանում է երեխաներին, քան մեզ` մեծահասակներիս։ Նրանք, այսօրվա դրությամբ, ավելի երկար են ապրելու այստեղ քան մենք։ Այդ պատճառով մենք պետք է հաշվի նստենք նրանց բոլոր անհանգստությունների, առաջարկների, նախաձեռնությունների եւ գաղափարների հետ»։

TEDxKids@Yerevan 2013-ը հնարավոր է դարձել մի շարք ընկերությունների եւ կազմակերպությունների աջակցության շնորհիվ, որոնք են` միջոցառման պաշտոնական գործընկեր ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Վորլդ Վիժն Հայաստանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Համաշխարհային առողջապահական քարոզարշավը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Հայկական Կարիտաս կազմակերպությունը եւ Ջուր Ջուր ընկերությունը:

Նախորդ տարվա TEDxKids@Yerevan միջոցառումը կրում էր «Մեր աշխարհը» խորագիրը: TEDxKids@Yerevan 2012 միջոցառման ելույթները դիտելու համար այցելեք http://kids.tedxyerevan.com/ կայք:

TEDx-ի մասին, x = անկախ հիմունքներով կազմակերպված միջոցառում`

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների եւ TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջեւ իմաստալից քննարկման եւ կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման: