Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին եւ քննարկելի այս աշնանը կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ  համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաժողովը նախատեսվում է անցկացնել Ֆրանսիայի Վալանս քաղաքում, նպատակը երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացման ուղղությունների քննարկումն է:

Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված մակարդակով գործակցության զարգացմանը: Երկու երկրների մի շարք համայնքների միջեւ բավականին գործնական փոխգործակցություն է հաստատվել. ՏԻ մարմինների ներկայացուցիչների ակտիվ շփումները, փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ֆրանսիական գործընկեր համայնքների կողմից տարբեր ծրագրերի իրականացումը Հայաստանի համայնքներում իրենց դրական ազդեցությունն են ունենում ինչպես  ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացման, այնպես էլ համայնքների զարգացման վրա:

Պայմանավորվածություն է ձեռք  բերվել համաժողովի աշխատանքների  նախապատրաստման եւ կազմակերպման նպատակով շահագրգիռ մարմինների եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

 Դեսպանի խնդրանքով՝ փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել նաեւ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերում վերջին տարիներին կատարված աշխատանքների եւ նախատեսվող բարեփոխումների մասին: Ընդգծելով, որ ոլորտի զարգացման խնդիրները մնում են  ՀՀ կառավարության առաջնահերթ հարցերի շարքում, փոխվարչապետն առաջիկա բարեփոխումների թվում նշել է Տարածքային զարգացման հիմնադրամի  ստեղծման եւ համայնքների խոշորացման ծրագրերի իրականացումը: