Աշխատանք է տարվում առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում:
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարները աշխատում են նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Գիտեք, որ Փարիզում բանակցություններ տեղի ունեցան, հանդիպեցինք Կրակովում. այս ողջ աշխատանքն ուղղված է նրան, որպեսզի հինք ստեղծվի նախագահների հանդիպման համար: Դեռեւս, սակայն, հանդիպման մասին պայմանավորվածություն չկա», - ասել է ռուսաստանցի համանախագահը:
Մեկնաբանելով այս շաբաթ ավելի վաղ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ստատուս քվոյի անընդունելիության եւ գրավյալ տարածքները վերադարձնելու մասին` Պոպովն ասել է. «Լավրովն այդպիսի բան չի ասել: Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ստատուս քվոն ձեռնտու չէ ոչ մեկին` ոչ Ադրբեջանին, ոչ համանախագահող երկրներին, ոչ Հայաստանին` հաշվի առնելով տնտեսական շրջափակումը: Ձեռնտու չէ նաեւ Լեռնային Ղարաբաղին: Մենք ելնում ենք նրանից, որ բանակցային գործընթացում պետք է տեղաշարժ լինի, եւ այդ տեղաշարժի արդյունքում ի վերջո պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր: Սրա մասին է խոսքը»:
Հիշեցնենք, որ Լավրովը Բաքվում ասել էր հետեւյալը. «Ստատուս քվոն, անշուշտ, անընդունելի է, ընդ որում` բոլորի համար: Առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրողների համար, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ` Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստասուսի անընդունելիության հարցում»:
Ռուսաստանցի համանախագահը հավելել է, որ հակամարտության կարգավորման` այսօր քննարկվող վեց կետերը ներառում են եւ տարածքների վերադարձի, եւ Լեռնային Ղարաբաղի վերջանական կարգավիճակի հարցերը:




























