Ռաֆայել Կորրեան երրորդ անգամ զբաղեցրեց Էկվադորի նախագահի պաշտոնը։ Կիտոյում կայացել է նրա երդմնակալության հանդիսավոր արարողությունը, հայտնում են լատինամերիկյան լրատվամիջոցները:
Ըստ 2013թ. փետրվարի 17-ի նախագահական ընտրությունների արդյունքների` Կորրեան ստացել էր ընտրողների ձայների 57%-ը: Պետության ղեկավարի պաշտոնում Կորրեայի լիազորությունները պաշտոնապես երկարաձգվել են մինչեւ 2017թ. մայիսի 24-ը:
Կորրեան ծնվել է 1963թ.` Գուայակիլ քաղաքում: 2007թ. իշխանության գալու պահից նա սկսել է վարել ինքնուրույն տնտեսական քաղաքականություն, 2010թ. նա հայտարարեց ածխաջրածինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնք երկրին թույլ են տալիս ազգայնացնել նավթահանքերը: Ըստ նրա` երկիրը պետք է շարունակի փոխվել սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կիտոյի հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ արտասահմանյան պատվիրակություններ, այդ թվում՝ Կորրեայի ընկերները` Բոլիվիայի եւ Վենեսուելայի նախագահներ Էվո Մորալեսը եւ Նիկոլաս Մադուրոն:




























