Պակիստանի Փենջաբ նահանգում շաբաթ օրը դպրոցական ավտոբուսի գազի բալոնի պայթյունի հետեւանքով  նվազագույնը 17 երեխաներ են զոհվել, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին։

Նախնական տվյալով՝ երեխաներին մասնավոր դպրոց տեղափոխող ավտոբուսում  8-10 տարեկան 20-25 դպրոցականներ կային։

Նաեւ, ըստ գործակալության, զոհվել է ուսուցիչը, վարորդը եւ ութ երեխաներ վիրավոր են, նրանցից հինգի վիճակն օրհասական է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր տվյալներով՝ երեխաները ողջ-ողջ այրվել են։ Պայթյունից հետո ամբողջ ավտոբուսն անմիջապես բոցավառվել է», - հայտնել է ոստիկանության սպա Մուհամեդ Ռաշիդը։

Ողբերգությունը կատարվել է Գուջարաթիի ծայրամասում՝ մայրաքաղաքից 200 կմ հեռու։ Ավտոբուսը պատկանում էր մասնավոր դպրոցներից մեկին։